ՌԱԶՄԱՎԱՐԱԳԵՏ

Home » Իրադարձություններ / Events » Աշխատասենյակի անվանակոչում

Աշխատասենյակի անվանակոչում

Ողջունելի է, երբ երախտավոր մարդու գործունեությանը և ունեցած վաստակին արժանի գնահատական է տրվում նրա կենդանության օրոք: Ողջունելի և ուսանելի է, երբ այդ գնահատականը տրվում է նաև նրա կյանքից հետո, ինչը ապացուցում է, որ երախտավոր մարդը իր գործերով և բարի համբավով վառ ու անջնջելի հետք է թողնում մերձավորների ու գործընկերների սրտերում:

Մայիսի 8-ին Պաշտպանության նախարարության Դրաստամատ Կանայանի անվան Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում տեղի ունեցավ մի խորհրդանշական միջոցառում` ի հիշատակ «Հայկական բանակ» ռազմագիտական հանդեսի ստեղծման ու կայացման գործում գնահատելի ներդրում ունեցած երկու նվիրյալ աշխատակիցների: Հանդեսի աշխատասրահներից մեկը անվանակոչվեց խմբագրության հիմնադիր կազմի անդամներ` հանդեսի ռուսերեն և անգլերեն տեքստերի խմբագիր, ճանաչված իրանագետ ու գրիբոյեդովագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր փոխգնդապետ Բորիս Բալայանի և հանդեսի խմբագրման ու թարգմանչության բաժնի պետ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ Վլադիմիր Բաղդասարյանի անունով:

Հետաքրքիր ու բովանդակալից ճանապարհ են անցել պրոֆեսոր Բալայանը ու դոցենտ Բաղդասարյանը:

Բորիս Բալայանը, շուրջ տասը տարի աշխատելով Իրանում, մասնակցել է «Թեհրան-43» օպերացիային, ապա աչքի ընկել գիտական ու մանկավարժական գործունեությամբ, հեղինակել բազմաթիվ գիտական աշխատություններ, ղեկավարել համալսարանի արևելագիտական ֆակուլտետը:
Դոցենտ Բաղդասարյանը եղել է հանրապետությունում լեզվատրամաբանության ճանաչված մասնագետ: Նա հատկապես մեծ ներդրում է ունեցել հայերենի ռազմագիտական տերմինաբանության մշակման գործում:
Նրանք երկուսն էլ իրենց գիտելիքները լավագույնս դրսևորել են «Հայկական բանակ» հանդեսում աշխատած տարիներին` իրենց հարուստ փորձը ներբերելով հանդեսի գիտական ու լուսավորական գործունեության մեջ:

Աշխատասրահի անվանակոչմանը ներկա էին նրանց հարազատները, «Հայկական բանակի» խմբագրակազմը, հանդեսի գիտախորհրդատվական խորհրդի անդամներ:

Հանդիսության սկզբում իր գնահատանքի խոսքը ասաց Պաշտպանության նախարարի խորհրդական, Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, «Հայկական բանակ» ռազմագիտական հանդեսի խմբագրական խորհրդի նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը: Կարևորելով պրոֆեսոր Բալայանի և դոցենտ Բաղդասարյանի դերն ու ներդրումը հանդեսի կայացման ու հետագա գործունեության մեջ` նա նշեց, որ աշխատասրահի անվանակոչումը ոչ միայն հարգանքի տուրք է նրանց աշխատանքին, այլև օրինակ մյուսներին` իրենց աշխատանքին վերաբերվելու այն նույն նվիրվածությամբ ու բարձր կարգապահությամբ, դրսևորելու խորը գիտելիքներ ու հմտություն, ինչպես իրենց ավագ գործընկերները: Հայկ Քոթանջյանի խոսքերով` հանդեսի ավանդույթների հիմքում դրված է մի շարք երախտավորների, այդ թվում` պրոֆեսոր Բալայանի և դոցենտ Բաղդասարյանի անձնվիրական ու որակյալ գիտախմբագրական գործունեությունը:

Շնորհակալական խոսքեր հնչեցին երախտավորների հարազատների կողմից: Նրանց համար միջոցառումը հաճելի և հուզիչ անակնկալ էր, քանի որ իրենց հարա-զատների կատարած աշխատանքը չի մոռացվել և գնահատվում է արժանի կերպով:

Հանդեսի գիտախորհրդատվական խորհրդի անդամներ, ակադեմիկոսներ Չիլինգարյանը, Մանթաշյանը, Թռչունյանը շեշտեցին միջոցառման դերը և կարևորությունը` համոզմունք հայտնելով, որ այդօրինակ միջոցառումները օրինակելի իրադարձություն են: Կարևորվեց այն հանգամանքը, որ նորաստեղծ ինստիտուտը արժանի կերպով գնահատում է գիտակրթական ոլորտում աչքի ընկած իր ծառայողների աշխատանքը:

«Հայկական բանակ» ռազմագիտական հանդեսը, ստեղծվելով 1994 թվականին, կազմավորվել է Հանրապետության համար դժվարին ժամանակաշրջանում, անցել ուրույն ճանապարհ, արժանի կերպով վաստակել հեղինակություն: Այսօր, որպես գիտական լուրջ հանդես, «Հայկական բանակը» շարունակում է իր գործունեությունը` ընթերցողին ներկայանալով նոր ասելիքով ու որակով և հավատարիմ մնալով իր առաքելությանն ու ունեցած բարի ավանդույթներին, որոնց ձևավորման հարցում մեծ է պրոֆեսոր Բորիս Բալայանի և դոցենտ Վլադիմիր Բաղդասարյանի դերը: