ՌԱԶՄԱՎԱՐԱԳԵՏ

Home » ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի գիտամեթոդական սեմինարներ » Գիտամեթոդական սեմինար՝ ՊԱՀՀ-ում. «ՀՀ կենսաթոշակային հիմնադրամների և արտաքին պետական վարկային միջոցները ՀՀ-ում ներդրումային ծրագրեր ուղղելու կարևորության մասին»

Գիտամեթոդական սեմինար՝ ՊԱՀՀ-ում. «ՀՀ կենսաթոշակային հիմնադրամների և արտաքին պետական վարկային միջոցները ՀՀ-ում ներդրումային ծրագրեր ուղղելու կարևորության մասին»

2017 թ. ապրիլի 14-ին ՀՀ պաշտպանության նախարարության Պաշտպանական ազգային հետազոտական համալսա­րանի Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի Տարածա­շրջանային ռազմավարական վերլուծությունների կենտրոնի կողմից կազմակերպվեց «ՀՀ կենսաթոշակային հիմնադրամների և արտաքին պետական վարկային միջոցները ՀՀ-ում ներդրումային ծրագրեր ուղղելու կարևորության մասին» վերնագրով գիտամեթոդական սեմինար` ՊԱՀՀ-ի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանի գլխավորությամբ:

Սեմինարը վարում էր ՊԱՀՀ-ի պետի՝ գիտության գծով տեղակալ, ՊԱՀՀ-ի ԱՌՀԻ-ի պետ, պատմական գիտությունների թեկնածու Բենիամին Պողոսյանը:

Սեմինարի հիմնական բանախոսն էր ՊԱՀՀ-ի ԱՌՀԻ-ի Տարածաշրջանային ռազմավարական վերլուծությունների կենտրոնի Ռազմավարական խաղերի և մոդելավորման խմբի մասնագետ-տեխնոլոգ, տնտեսական գիտությունների թեկնածու Ազատ Դավթյանը:

Բանախոսը «Power Point» ձևաչափով սկզբում ներկայացրեց ՀՀ կենսաթոշակային համակարգում ներկայիս վիճակը, միջազգային փորձի հաշվառմամբ իրականացված բարեփոխումները, ինչպես նաև պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչի առանձնահատկություններն ու առկա խնդիրները: Այնուհետև, ՀՀ ֆինանսական համակարգի զարգացումների, ինչպես նաև արտաքին պետական պարտքի մեծացման հաշվառմամբ՝ հեղինակը առաջարկեց կուտակային կենսաթոշակային միջոցների՝ ՀՀ տնտեսության մեջ ներդրման արդյունավետ ուղիները: Իր զեկուցման մեջ հեղինակը, մասնավորապես, կարևորեց կուտակային կենսաթոշակային միջոցների ներդրման արդյունավետության բարձրացման նպատակով ՀՀ Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության փոփոխությունը և կուտակված ֆինանսական միջոցները՝ ռազմավարական նշանակություն ունեցող տնտեսական ոլորտներ ուղղելու քաղաքականությունը:

Սեմինարի երկրորդ մասում բանախոսն անդրադարձավ արտաքին պետական պարտավորությունները ներքին պարտավորություններով փոխարինելու համաշխարհային միտումներին, ՀՀ արտաքին պետական վարկային միջոցները ՀՀ տնտեսության բարձր ավելացված արժեք ապահովող ոլորտներում ներդնելու անհրաժեշտությանը և թողարկվող ՀՀ պետական պարտատոմսերի, արտաքին վարկային միջոցների և կուտակային կենսաթոշակային միջոցների միջև փոխկապվածությունը: Ըստ հեղինակի՝ անհրաժեշտ է արտաքին վարկային միջոցները ուղղել դեպի կարճաժամկետ արտադրական ներդրումային ծրագրեր, ինչը կնպաստի և՛ ՀՀ ներքին պահանջարկի բավարարմանը, և՛ արտաքին պարտավորությունների մարմանը:

Սեմինարին որպես դիսկուտանտներ մասնակցում էին ԵՊՀ Տնտեսագիության և կառավարման ֆակուլտետի դեկանի տեղակալ, տնտեսական գիտությունների թեկնածու Գրիգոր Հայրապետյանը և ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի ֆինանսական մասի պետ, կապիտան Մհեր Փարվանյանը:

Ի թիվս այլ հարցերի՝ Գրիգոր Հայրապետյանն իր խոսքում անդրադարձավ ՀՀ կապիտալի շուկայի կայացման գործում կենսաթոշակային բարեփոխումների և կուտակային բաղադրիչի նկատմամբ հասարակական անվստահության հաղթահարման անհրա­ժեշտությանը, իսկ Մհեր Փարվանյանը հատկապես կարևորեց ՀՀ ներդրումային միջա­վայրի բարելավման և ձեռնարկչատիրական գործունեության խթանման ուղղությամբ պետական քաղաքականության փոփոխության և արտաքին պարտքի կառավարման ուղղությամբ ՀՀ կառավարության քայլերի արդյունավետության բարձրացման ուղիների հարցերը:

Սեմինարին մասնակցում էին նաև ՊԱՀՀ-ի Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի  Տարածաշրջանային ռազմավարական վերլուծությունների կենտրոնի պետ, պատմական գիտությունների թեկնածու Դավիթ Մանասյանը, ՊԱՀՀ-ի ԱՌՀԻ-ի Տարածաշրջանային ռազմավարական վերլուծությունների կենտրոնի գիտնական-վերլուծաբանները, մասնավորապես՝ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Պավել Չոբանյանը, պատմական գիտությունների թեկնածու Անդրանիկ Իսրայելյանը, ՊԱՀՀ-ի ասպիրանտ Գրիշա Աղաջանյանը և Սանկտ-Պետերբուրգի պետական համալսարանի ասպիրանտ Վարուժան Գեղամյանը, ինչպես նաև ՊԱՀՀ-ի ԱՌՀԻ-ի Ազգային անվտանգության քաղաքականության և տեղեկատվական-հաղորդակցային տեխնոլոգիաների կենտրոնի պետ Արման Գրիգորյանը, նույն կենտրոնի՝ Ազգային անվտանգության քաղաքականության խմբի պետ, քաղաքական գիտությունների թեկնածու Կարեն Գալոյանը և Տեղեկատվական-հաղորդակցային տեխնոլոգիաների խմբի պետ Արսեն Հովհաննիսյանը, ինչպես նաև ՊԱՀՀ-ի ԱՌՀԻ-ի Տարածաշրջանային ռազմավարական վերլուծությունների կենտրոնի Ռազմավարական խաղերի և մոդելավորման խմբի պետ, քաղաքական գիտությունների թեկնածու Միքայել Ավետիսյանը, ՊԱՀՀ-ի Ռազմավարական պաշտպանական-անվտանգային կրթության ազգային ինստիտուտի Գիտաուսումնական կենտրոնի որակի ապահովման մասնագետ, մեթոդիստ Վանիկ Մելքոնյանը, ՊԱՀՀ-ի ավագ սպա, մայոր Առլեն Շահվերդյանը, ՊԱՀՀ-ի Տեղեկատվական անվտանգության բաժնի պետ, մայոր Հրայր Օղլուկյանը, ՊԱՀՀ-ի Արտաքին կապերի գծով սպա, ավագ լեյտենանտ Գոհար Դադայանը:

Քննարկման ընթացքում պրոֆեսոր Հայկ Քոթանջյանը կարևորեց ռիսկերի կառավարման և գնահատման խնդիրը և առաջարկեց բանախոսին իր կողմից արված առաջարկները գնահատել այդ համատեքստում:

Սեմինարի զեկուցումներից հետո ծավալվեց մասնագիտական քննարկում՝ արծարծված խնդիրների վերաբերյալ:

© ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան

_________________________

ԾԱՆՈՒՑՈՒՄ. 2016 թ. հոկտեմբերից ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանը ձեռնամուխ է եղել գիտամեթոդական թեմատիկ սեմինարների անցկացմանը, որոնց մասնակցում են ՊԱՀՀ-ի գիտնական-վերլուծաբանները: Մինչ օրս անցկացվել է երկու տասնյակից ավելի մասնագիտական սեմինար-քննարկում: ՊԱՀՀ-ում անցկացված սեմինարների վերաբերյալ մշտապես ամփոփիչ հաղորդագրություն է հրապարակվում ՊԱՀՀ-ի «Ռազմավարագետ» կայքում և սոցիալական մեդիայում:

Advertisements