ՌԱԶՄԱՎԱՐԱԳԵՏ

Home » ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի գիտամեթոդական սեմինարներ » Գիտամեթոդական սեմինար՝ ՊԱՀՀ-ում. «Քաղաքական հաղորդակցման ուսումնասիրման մեթոդներ»

Գիտամեթոդական սեմինար՝ ՊԱՀՀ-ում. «Քաղաքական հաղորդակցման ուսումնասիրման մեթոդներ»

Սեմինարի հիմնական բանախոս, ք.գ.թ. Միքայել Ավետիսյանը՝ զեկուցման ժամանակ

2017 թ. մայիսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարարության Պաշտպանական ազգային հետազոտական համալսա­րանի Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի Տարածա­շրջանային ռազմավարական վերլուծությունների կենտրոնի կողմից կազմակերպվեց «Քաղաքական հաղորդակցման ուսումնասիրման մեթոդներ» վերնագրով գիտամեթոդական սեմինար` ՊԱՀՀ-ի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանի գլխավորությամբ:

Սեմինարը վարում էր ՊԱՀՀ-ի պետի՝ գիտության գծով տեղակալ, ՊԱՀՀ-ի ԱՌՀԻ-ի պետ, պատմական գիտությունների թեկնածու Բենիամին Պողոսյանը:

Սեմինարի հիմնական բանախոսն էր ՊԱՀՀ-ի ԱՌՀԻ-ի Տարածաշրջանային ռազմավարական վերլուծությունների կենտրոնի Ռազմավարական խաղերի և մոդելավորման խմբի պետ, քաղաքական գիտությունների թեկնածու Միքայել Ավետիսյանը:

Բանախոսը «Power Point» ձևաչափով սկզբում ներկայացրեց հաղորդակցության դերը ռազմաքաղաքական խաղերում, այնուհետև անդրադարձավ քաղաքագիտական հետազոտություններում կիրառվող հիմնական մեթոդների տեսակներին: Համառոտ ներկայացվեցին նաև քաղաքական հաղորդակցման հետազոտական ուղղությունները, ինչպես նաև միջազգային հարաբերությունների տեսության մեջ ընդունված հիմնական մեթոդները:

Սեմինարը բանախոսը շարունակեց` ներկայացնելով առավել հաճախ կիրառվող տեքստակենտրոն վերլուծական մեթոդները և ներկայացրեց դրանցից մեկի` բովանդակության վերլուծության (content analysis, контент анализ) կիրառման գործնական օրինակ:

Սեմինարի դիսկուտանտ, տ.գ.թ. Ազատ Դավթյանը՝ զեկուցման ժամանակ

Սեմինարի երկրորդ մասում որպես դիսկուտանտ հանդես եկավ ՊԱՀՀ-ի Ռազմավարական խաղերի և մոդելավորման խմբի գիտնական-վերլուծաբան, տնտեսական գիտությունների թեկնածու Ազատ Դավթյանը: Նա ներկայացրեց սոցիալ-տնտեսական գործընթացների հետազոտման մեթոդներ, որոնք միաժամանակ կիրառելի են քաղաքական իրավիճակների և գործընթացների հետազոտման նպատակով: Մասնավորապես, քննարկվեցին «նպատակային ծառերի», մատրիցային մոտեցման, ինչպես նաև մաթեմատիկական գործիքակազմով տեղեկույթի մշակման և վերլուծության մեթոդները: Ազատ Դավթյանը նաև անդրադարձ կատարեց ռազմաարդյունաբերական համալիրի ռազմավարական պլանավորման խնդրին և շեշտեց ռազմարդյունաբերական ոլորտին առնչվող հետազոտություններում վերոնշյալ մեթոդների կիրառման կարևորությունը:

Դիսկուտանտը նշեց, որ տվյալ մեթոդները կիրառվելու են ՊԱՀՀ-ի կողմից «Աշխատանքային տետրերի»՝ 2017 թ. 3-4 համարի պատրաստման ընթացքում:

Սեմինարի զեկուցումներից հետո ծավալվեց մասնագիտական քննարկում՝ արծարծված խնդիրների վերաբերյալ:

Քննարկման ընթացքում ՊԱՀՀ-ի ԱՌՀԻ-ի Ազգային անվտանգության քաղաքականության և տեղեկատվական-հաղորդակցային տեխնոլոգիաների կենտրոնի պետ Արման Գրիգորյանը շեշտեց ռազմավարական հետազոտություններում, ավանդական մեթոդական գործիքների հետ զուգահեռ, նորարարական գործիքակազմի կիրառման անհրաժեշտությունը:

Սեմինարին մասնակցում էին նաև ՊԱՀՀ-ի Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի  Տարածաշրջանային ռազմավարական վերլուծությունների կենտրոնի պետ, պատմական գիտությունների թեկնածու Դավիթ Մանասյանը, ՊԱՀՀ-ի ԱՌՀԻ-ի Տարածաշրջանային ռազմավարական վերլուծությունների կենտրոնի գիտնական-վերլուծաբաններ՝ պատմական գիտությունների թեկնածու Անդրանիկ Իսրայելյանը, ՊԱՀՀ-ի ասպիրանտ Գրիշա Աղաջանյանը և Սանկտ-Պետերբուրգի պետական համալսարանի ասպիրանտ Վարուժան Գեղամյանը, ՊԱՀՀ-ի ԱՌՀԻ-ի Ազգային անվտանգության քաղաքականության և տեղեկատվական-հաղորդակցային տեխնոլոգիաների կենտրոնի Ազգային անվտանգության քաղաքականության խմբի պետ, քաղաքական գիտությունների թեկնածու Կարեն Գալոյանը և Տեղեկատվական-հաղորդակցային տեխնոլոգիաների խմբի պետ Արսեն Հովհաննիսյանը, ինչպես նաև ՊԱՀՀ-ի Ռազմավարական պաշտպանական-անվտանգային կրթության ազգային ինստիտուտի Գիտաուսումնական կենտրոնի պետ, արևելագիտության մագիստրոս Աննա Գևորգյանը, ՊԱՀՀ-ի Գիտահրատարակչական կենտրոնի պետի-«Հայկական բանակ» ռազմագիտական հանդեսի գլխավոր խմբագրի տեղակալ, գնդապետ Արսեն Յալանուզյանը, ՊԱՀՀ-ի ավագ սպա, մայոր Առլեն Շահվերդյանը, ՊԱՀՀ-ի Տեղեկատվական անվտանգության բաժնի պետ, մայոր Հրայր Օղլուկյանը, ՊԱՀՀ-ի Արտաքին կապերի գծով սպա, ավագ լեյտենանտ Գոհար Դադայանը:

Քննարկման վերջում ՊԱՀՀ-ի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը կարևորեց ավանդական մեթոդների գործիքների կիրառման հետ մեկտեղ ժամանակի մարտահրավերներին համարժեք նորարարական գործիքակազմի կիրառումը, դրա մեթոդաբանական կազմակերպվածքի ճիշտ գնահատումը, որպեսզի մշտապես հնարավոր լինի պատրաստել մրցակցային արժեք ունեցող հետազոտական որակյալ նյութեր: Նա հանձրարարեց շարունակել համատեղ ինտենսիվ ուսումնասիրություններն այս ուղղությամբ:

© ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան, 2017

Advertisements