ՌԱԶՄԱՎԱՐԱԳԵՏ

Home » ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի գիտամեթոդական սեմինարներ » Գիտամեթոդական սեմինար՝ ՊԱՀՀ-ում. «Ադրբեջան. հետապրիլյան քրոնիկոն»

Գիտամեթոդական սեմինար՝ ՊԱՀՀ-ում. «Ադրբեջան. հետապրիլյան քրոնիկոն»

2017 թ. հունիսի 2-ին ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի Տարածաշրջանային ռազմավարական վերլուծությունների կենտրոնի կողմից կազմակերպվեց «Ադրբեջան. հետապրիլյան քրոնիկոն» վերնագրով սեմինար` ՊԱՀՀ-ի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանի գլխավորությամբ:

Սեմինարի հիմնական բանախոսն էր ՊԱՀՀ-ի ԱՌՀԻ-ի Տարածաշրջանային ռազմավարական վերլուծությունների կենտրոնի գիտնական-վերլուծաբան, թյուրքագետ, ադրբեջանագետ Վարուժան Գեղամյանը։

Սեմինարը վարում էր ՊԱՀՀ-ի պետի՝ գիտության գծով տեղակալ, ՊԱՀՀ-ի ԱՌՀԻ-ի պետ, պատմական գիտությունների թեկնածու Բենիամին Պողոսյանը:

Բանախոսը սեմինարի առաջին մասում ներկայացրեց վերջին երեք տարիներին Ադրբեջանի Հանրապետությունում տեղի ունեցող առանցքային գործընթացների զարգացման հիմնական միտումները և դրանց ազդեցությունը Ադրբեջանի ներքին ու արտաքին քաղաքականության վրա։ Մասնավորապես խոսվեց տնտեսական զարգացումների, քաղաքական վերնախավում տեղի ունեցող պայքարի, ադրբեջանական հասարակությունում առկա տրամադրությունների մասին։

Սեմինարի երկրորդ մասում անդրադարձ կատարվեց 2017 թ. առաջին կիսամյակում Ադրբեջանում տեղի ունեցած մի քանի իրադարձությունների, որոնք կարևորություն են ներկայացնում տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից։ Ուշադրության կենտրոնում էին, հատկապես, Ադրբեջանի միջազգային բանկի ճգնաժամը, սույն թվականի մայիսին ծագած, այսպես կոչված, «լրտեսական սկանդալը», ադրբեջանական ընդդիմադիր հասարակական-քաղաքական գործիչների հանդեպ բռնաճնշումները, նոր նշանակումները նախագահ Ալիևի աշխատակազմում, ադրբեջանական ԶՈՒ-ի խոշոր զորավարժությունները, ինչպես նաև արտաքին քաղաքական մի շարք իրադարձություններ։

Սեմինարին՝ որպես դիսկուսանտ, հանդես եկավ ՊԱՀՀ-ի ԱՌՀԻ-ի Տարածաշրջանային ռազմավարական վերլուծությունների կենտրոնի գիտնական-վերլուծաբան, ՊԱՀՀ-ի ասպիրանտ Գրիշա Աղաջանյանը, ով խոսեց ԱՄՆ-Ադրբեջան երկկողմ հարաբերությունների հնարավոր զարգացումների մասին, ինչպես նաև անդրադարձավ վերջին ամիսներին տարածաշրջանում ԵԱՀԿ-ի գործունեության առանցքային իրադարձություններին։

Սեմինարին մասնակցում էին նաև ՊԱՀՀ-ի Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի Տարածաշրջանային ռազմավարական վերլուծությունների կենտրոնի պետ, պատմական գիտությունների թեկնածու Դավիթ Մանասյանը, ՊԱՀՀ-ի ԱՌՀԻ-ի Տարածաշրջանային ռազմավարական վերլուծությունների կենտրոնի գիտնական-վերլուծաբան, պատմական գիտությունների թեկնածու Անդրանիկ Իսրայելյանը, ՊԱՀՀ-ի ԱՌՀԻ-ի Տարածաշրջանային ռազմավարական վերլուծությունների կենտրոնի Ռազմավարական խաղերի և մոդելավորման խմբի պետ, քաղաքական գիտությունների թեկնածու Միքայել Ավետիսյանը, ՊԱՀՀ-ի ԱՌՀԻ-ի Ազգային անվտանգության քաղաքականության և տեղեկատվական-հաղորդակցային տեխնոլոգիաների կենտրոնի Ազգային անվտանգության քաղաքականության խմբի պետ, քաղաքական գիտությունների թեկնածու Կարեն Գալոյանը և Տեղեկատվական-հաղորդակցային տեխնոլոգիաների խմբի պետ Արսեն Հովհաննիսյանը, ինչպես նաև ՊԱՀՀ-ի Ռազմավարական պաշտպանական-անվտանգային կրթության ազգային ինստիտուտի Գիտաուսումնական կենտրոնի պետ, արևելագիտության մագիստրոս Աննա Գևորգյանը, նույն կենտրոնի որակի ապահովման մասնագետ, մեթոդիստ Վանիկ Մելքոնյանը, ՊԱՀՀ-ի Գիտահրատարակչական կենտրոնի պետի տեղակալ-«Հայկական բանակ» ռազմագիտական հանդեսի գլխավոր խմբագրի տեղակալ, գնդապետ Արսեն Յալանուզյանը, ՊԱՀՀ-ի ավագ սպա, մայոր Առլեն Շահվերդյանը, ՊԱՀՀ-ի Տեղեկատվական անվտանգության բաժնի պետ, մայոր Հրայր Օղլուկյանը, ՊԱՀՀ-ի Արտաքին կապերի գծով սպա, ավագ լեյտենանտ Գոհար Դադայանը:

Սեմինարի զեկուցումներից հետո տեղի ունեցավ ծավալուն մասնագիտական քննարկում՝ արծարծված խնդիրների վերաբերյալ:

Քննարկման վերջում ՊԱՀՀ-ի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը, բարձր գնահատելով բանախոսի՝ ՊԱՀՀ-ում անցկացրած առաջին սեմինարը, կարևորեց այն հանգամանքը, որ քննարկմանը նախորդել են Վարուժան Գեղամյանի կողմից մասնագիտական քննարկումները կենտրոնի իր գործընկերների հետ, տեղի է ունեցել մասնագիտական գիտելիքի փոխանակում, ինչի արդյունքում սեմինարն աչքի ընկավ իր ինտերակտիվությամբ և քննարկվող թեմաների բովանդակության ծավալայնությամբ: Նա նշեց, որ թեպետ դժվար է մեկ սեմինարի ընթացքում ներկայացնել Ադրբեջանն ամբողջությամբ, նշել հիմնական գործոնները և դրանց շուրջ կառուցել գնահատումների համակարգը, սակայն սեմինարն այդ իմաստով հաջողված փորձ էր, բանախոսը աչքի ընկավ իր գիտելիքներով և պատրաստվածությամբ: Բացի այդ, տեղի ունեցած հարց ու պատասխանը աջակցող էր, այսինքն բանախոսը պատրաստ էր հարցերին, քանի որ գործակցել էր մյուսների հետ, ինչը ինտերակցիայի արդյունք է:

Ըստ պրոֆեսոր Քոթանջյանի՝ հարցերի այդօրինակ նախնական քննարկումը բանախոսին հնարավորություն էր տվել բուն սեմինարի ընթացքում փոխանցել նոր տեղեկույթ և անել նոր շեշտադրումներ:

ՊԱՀՀ-ի պետ Հայկ Քոթանջյանը կարևորեց ՊԱՀՀ-ի Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի Տարածաշրջանային ռազմավարական վերլուծությունների կենտրոնի աշխատանքը՝ Ինստիտուտի պետ Բենիամին Պողոսյանի և կենտրոնի պետ Դավիթ Մանասյանի գլխավորությամբ:

© ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան, 2017

Advertisements