ՌԱԶՄԱՎԱՐԱԳԵՏ

Home » ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի գիտամեթոդական սեմինարներ » Թուրքական հասարակության բևեռվածությունն ու իշխանական հռետորաբանությունը. «Նոր Թուրքիա» հայեցակարգի վերլուծությունը՝ ՊԱՀՀ-ում անցկացված սեմինարի ժամանակ

Թուրքական հասարակության բևեռվածությունն ու իշխանական հռետորաբանությունը. «Նոր Թուրքիա» հայեցակարգի վերլուծությունը՝ ՊԱՀՀ-ում անցկացված սեմինարի ժամանակ

Այսօր ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի Տարածաշրջանային ռազմավարական վերլուծությունների կենտրոնի կողմից կազմակերպվեց Թուրքիայի ներքին և արտաքին քաղաքականությանը նվիրված գիտամեթոդական սեմինար` ՊԱՀՀ-ի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանի գլխավորությամբ:

Սեմինարի հիմնական բանախոսներն էին ՊԱՀՀ-ի ԱՌՀԻ-ի Տարածաշրջանային ռազմավարական վերլուծությունների կենտրոնի գիտնական-վերլուծաբաններ՝ պատմական գիտությունների թեկնածու, թուրքագետ Անդրանիկ Իսրայելյանը և թյուրքագետ, ադրբեջանագետ Վարուժան Գեղամյանը։

Սեմինարը վարում էր ՊԱՀՀ-ի պետի՝ գիտության գծով տեղակալ, ՊԱՀՀ-ի ԱՌՀԻ-ի պետ, պատմական գիտությունների թեկնածու Բենիամին Պողոսյանը:

Սեմինարի բանախոս Վարուժան Գեղամյանը, ներկայացրեց Թուրքիայում նոր գերակա ինքնության՝ սուննիական ազգայնականության ձևավորման նախապատմությունն ու զարգացման ներկա միտումները։ Անդրադարձ կատարվեց թուրքական հասարակության բևեռվածությանը, իշխանական հռետորաբանությանը, ինչպես նաև այդ գործոնների ազդեցությունը տարածաշրջանային գործընթացների վրա։

Սեմինարի մյուս բանախոս Անդրանիկ Իսրայելյանն անդրադարձավ «Նոր Թուրքիա» հայեցակարգի էությանը, երկրի քաղաքական էլիտայի, ընդդիմության և ազգաբնակչության կողմից դրա ընկալմանը, 2017 թ. ապրիլի 16-ի հանրաքվեին, նոր հայեցակարգի ներդրման ներքին և արտաքին քաղաքական հետևանքներին: Իր զեկուցման մեջ նա անդրադարձավ նաև Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության գործընթացը փակուղի մտցնող գործոնների հաստատութենացմանը, Թուրքիա-ԵՄ 12-ամսյա օրացույցային ծրագրին, Թուրքիա-Մերձավոր Արևելք հարաբերություններին՝ նշելով, որ այսօրվա Թուրքիայի արտաքին քաղաքական օրակարգում զգալիորեն նկատելի է Մերձավոր Արևելքի տարածաշրջանին պատկանելիության սկզբունքը: Խոսելով Թորքիայի պետական կառավարման համակարգի մասին՝ նա հավելեց, որ «Նոր Թուրքիայի» հայեցակարգի շնորհիվ ստեղծվում է գերնախագահական այնպիսի երկիր, որը հաստատութենական առումով անհամատեղելի է ԵՄ-ի Կոպենհագենյան չափանիշների հետ, ինչի հետևանքով ավելի է դժվարանում Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության հարցը, Եվրոպայում Թուրքիայի՝ որպես եվրոպական երկրի, ընկալման խնդիրը: Իր զեկուցման մեջ բանախոսը չշրջանցեց նաև Թուրքիա-ՌԴ, Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունները:

Սեմինարի հիմնական զեկուցումներից հետո տեղի ունեցավ ծավալուն մասնագիտական քննարկում՝ արծարծված խնդիրների վերաբերյալ: Իրենց դիտարկումներով ու հարցերով հանդես եկան պրոֆեսոր Հայկ Քոթանջյանը, Բենիամին Պողոսյանը և ՊԱՀՀ-ի ԱՌՀԻ-ի Տարածաշրջանային ռազմավարական վերլուծությունների կենտրոնի պետ, պատմական գիտությունների թեկնածու Դավիթ Մանասյանը:

Սեմինարի ղեկավար, պրոֆեսոր Հայկ Քոթանջյանը բանախոսների ուշադրությունը հրավիրեց քեմալականության էության վրա՝ անդրադառնալով կրոնի նկատմամբ պետության վերաբերմունքի առանձնահատկություններին: Նա նշեց, որ պետք է տվյալ խնդրի բովանդակության և կերպի միջև հարաբերությունները դիտարկել ավելի խորքային կերպով, քանի որ դրանք մեկը մյուսի արտահայտումն են:

Սեմինարին մասնակցում էին նաև ՊԱՀՀ-ի պետի խորհրդական-վերլուծաբան, հոգեբանական գիտությունների դոկտոր, դոցենտ, գնդապետ Վազգեն Մարգարյանը, ՊԱՀՀ-ի ԱՌՀԻ-ի Տարածաշրջանային ռազմավարական վերլուծությունների կենտրոնի Ռազմավարական խաղերի և մոդելավորման խմբի պետ, քաղաքական գիտությունների թեկնածու Միքայել Ավետիսյանը, ՊԱՀՀ-ի Ռազմավարական խաղերի և մոդելավորման խմբի գիտնական-վերլուծաբան, տնտեսական գիտությունների թեկնածու Ազատ Դավթյանը, ՊԱՀՀ-ի ԱՌՀԻ-ի Ազգային անվտանգության քաղաքականության և տեղեկատվական-հաղորդակցային տեխնոլոգիաների կենտրոնի Տեղեկատվական-հաղորդակցային տեխնոլոգիաների խմբի պետ Արսեն Հովհաննիսյանը, ինչպես նաև ՊԱՀՀ-ի ավագ սպա, մայոր Առլեն Շահվերդյանը, ՊԱՀՀ-ի Տեղեկատվական անվտանգության բաժնի պետ, մայոր Հրայր Օղլուկյանը:

Առլեն Շահվերդյան

© ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան

Advertisements