ՌԱԶՄԱՎԱՐԱԳԵՏ

Home » Իրադարձություններ » Պաշտպանական քաղաքականության ոլորտի Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մասնագետները՝ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում

Պաշտպանական քաղաքականության ոլորտի Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մասնագետները՝ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում

2017 թ. հուլիսի 7-ին ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում հյուրընկալվեցին ՉԺՀ պաշտպանական քաղաքականության ոլորտի մասնագետների պատվիրակությունը՝ Չինաստանի ազգային պաշտպանության համալսարանի պրոֆեսոր, Պաշտպանական հետազոտությունների դպրոցի նախկին պետ, գեներալ-մայոր Ճան Ինլիի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին Չինաստանի ազգային պաշտպանության, ռազմական բարեփոխման և արդիականացման, միջազգային ռազմական համագործակցության ոլորտների մասնագետ բարձրաստիճան զինվորականներ: Պատվիրակությանն ուղեկցում էին ՀՀ-ում ՉԺՀ դեսպանության նորանշանակ ռազմական և ռազմաօդային կցորդ, ավագ գնդապետ Չժան Ֆենխուան և ՀՀ ՊՆ Պաշտպանական քաղաքականության վարչության ներկայացուցիչները:

Հյուրերին ընդունեց Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը: Հանդիպմանը մասնակցում էին նաև ՊԱՀՀ-ի պետի՝ գիտության գծով տեղակալ-Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, պատմական գիտությունների թեկնածու Բենիամին Պողոսյանը, ՊԱՀՀ-ի պետի՝ կրթության գծով տեղակալ-Ռազմավարական պաշտպանական անվտանգային կրթության ազգային ինստիտուտի պետ, գնդապետ Սուրեն Դավթյանը, ՊԱՀՀ-ի պետի խորհրդական-վերլուծաբան, հոգեբանական գիտությունների դոկտոր, դոցենտ, գնդապետ Վազգեն Մարգարյանը, ՊԱՀՀ-ի ԱՌՀԻ-ի Տարածաշրջանային ռազմավարական վերլուծությունների կենտրոնի պետ, պատմական գիտությունների թեկնածու Դավիթ Մանասյանը և ՊԱՀՀ-ի ԱՌՀԻ-ի գիտնական-վերլուծաբան, տնտեսական գիտությունների թեկնածու Ազատ Դավթյանը:

Հանդիպման սկզբում գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը ներկայացրեց ՊԱՀՀ-ի գործունեությունն ու զարգացման հեռանկարները: Խոսելով ռազմավարական հետազոտությունների ոլորտում հայ-չինական համագործակցության մասին՝ պրոֆեսոր Քոթանջյանն անդրադարձավ ՊԱՀՀ-ի և Չինաստանի նմանատիպ հաստատությունների միջև համագործակցության հաստատմանն ուղղված քայլերին, մասնավորապես՝ ՊԱՀՀ-ի և Չինաստանի Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի միջև ստորագրված համագործակցության հուշագրին, ՊԱՀՀ-ի և Սիանի Ժամանակակից միջազգային հետազոտությունների ինստիտուտի միջև համագործակցության հուշագրի ստորագրման շուրջ պայմանավորվածությանը:

Ծավալվեց մասնագիտական քննարկում ռազմավարական նշանակություն ունեցող մի շարք թեմաների շուրջ, մասնավորապես՝ արծարծվեցին Չինաստանի կողմից առաջ քաշված «Գոտի և ճանապարհ» (Belt and Road) ծրագրում Հարավային Կովկասի պետությունների ներգրավման հնարավորության, Չինաստանի ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման գործում պետության և մասնավոր հատվածի համագործակցության, ինչպես նաև Չինաստան-Եվրասիական տնտեսական միություն ու Շանհայի համագործակցության կազմակերպություն-Եվրասիական տնտեսական միություն հարաբերությունների հեռանկարներին առնչվող հարցեր:

Քննարկման հայ մասնակիցները բարձր գնահատեցին ռազմարդյունաբերական ոլորտում չինական փորձը և ներկայացրեցին այս ոլորտի զարգացման հայկական տեսլականը:

Հյուրերը բարձր գնահատեցին գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջանի գլխավորությամբ՝ ՊԱՀՀ-ում իրականացվող հետազոտական ծրագրերը, հատկապես՝ կարևորելով դրանցում ՊԱՀՀ-ի երիտասարդ գիտնական-վերլուծաբանների ներգրավումը:

ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան

Advertisements