ՊԱՀՀ-ում անցկացվել է «Չին-ռուսական տանդեմը Եվրասիայում և փոփոխվող աշխարհակարգը. ԵԱՏՄ և «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» համակցման փորձեր» խորագրով կլոր սեղան-քննարկում

Հուլիսի 12-ին ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի Տարածաշրջանային ռազմավարական վերլուծությունների կենտրոնի կողմից կազմակերպվել էր «Չին-ռուսական տանդեմը Եվրասիայում և փոփոխվող աշխարհակարգը. ԵԱՏՄ և «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» համակցման փորձեր» խորագրով կլոր սեղան-քննարկում, որին մասնակցում էին ՊԱՀՀ-ի ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմերը, ինչպես նաև ՊԱՀՀ-ի «Պետական և ռազմական կառավարում» մասնագիտության մագիստրոսական և «Պետության ռազմական անվտանգություն» գերատեսչական ակադեմիական վերապատաստման դասընթացների ուսումնառուներն ու Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի պրակտիկանտները:

Հիմնական զեկույցով հանդես եկավ «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհրդի նախագահ, քաղաքական գիտությունների թեկնածու Մհեր Սահակյանը: Բանախոսն իր ելույթում նախ անդրադարձավ ռուս-չինական տնտեսաքաղաքական համագործակցությունն ամրապնդող նախաձեռնություններին (RIC, BRICS), ուկրաինական ճգնաժամով պայմանավորված՝ լոգիստիկ ուղիների շրջափակման ու էներգակիրների տարանցիկ ուղիների այժմեական հարցերին, ապա մանրամասն կերպով ներկայացրեց բոլոր այն գործոնները, որոնք նպաստում են, որ ռուս-չինական տանդեմը, հետապնդելով միաբևեռ աշխարհակարգի փոփոխման հեռահար նպատակ, հակամարտության փոխարեն նախընտրի համագործակցությունը՝ զսպելով Միացյալ Նահանգների եվրասիական քաղաքականությունը:

Բացի այդ, Մ. Սահակյանը զուգահեռներ անցկացրեց ԱՄՆ-ի, Չինաստանի և Ռուսաստանի ՀՆԱ-ի, գնողունակության, միջուկային մարտագլխիկների թվաքանակի, ռազմական բյուջեի ու հետազոտությանն ու զարգացմանը, այն է՝ գիտությանը հատկացվող ֆինանսական աջակցության ցուցանիշների միջև՝ նշելով, որ բոլոր ոլորտներում Չինաստանը թռիչքաձև զարգացում է ապրում՝ առանձնակի կարևորելով նախագահ Սի Ծինփինի կառավարման շրջանը:

Ծավալվեց ակտիվ և արդյունավետ քննարկում, իսկ կլոր սեղանի մասնակիցների կողմից հնչեցված հարցերին բանախոսը տվեց սպառիչ պատասխաններ՝ անդրադառնալով Չինաստանի առևտրատնտեսական նախաձեռնություններում Թուրքիայի ներգրավման մասշտաբներին ու հետապնդած շահերին, ինչպես նաև հարավկովկասյան երկրների համար ընձեռնված հնարավորություններին:

© ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան

___________________________________________________________________________________________

NDRU_New_Logo_Zinanshan_2022 YearՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի «Ռազմավարագետ» բլոգ-կայքի կանոններով՝ դրանում տեղադրված նյութերի, «Հայկական բանակ» ռազմագիտական հանդեսի և «Աշխատանքային տետրեր» հավելվածի էլեկտրոնային համարների հեղինակային իրավունքները պաշտպանված են: Նյութերի մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ ԶԼՄ-ներում առանց սույն կայքին հղման արգելվում է:

___________________________________________________________________________________________

Comments are closed.

Create a free website or blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: