ՌԱԶՄԱՎԱՐԱԳԵՏ

Home » «Հայկական բանակ» ՌԳՀ

«Հայկական բանակ» ՌԳՀ

ՀՀ ՊՆ Դ. ԿԱՆԱՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ (ՀՀ ՊՆ ԱՌՀԻ) «ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿ» ՌԱԶՄԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

«Հայկական բանակ» ռազմագիտական հանդեսն ստեղծվել է 1994 թ. հոկտեմբերի 11-ին ՀՀ այն ժամանակվա Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի (ներկայումս` ՀՀ Նախագահ) հրամանով Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցի առաջարկությամբ: Հանդեսի ստեղծման աշխատանքը հանձնարարված էր քաղաքական գիտությունների դոկտոր, գնդապետ (ներկայումս` գեներալ-մայոր) Հայկ Սարգսի Քոթանջյանին:

Հայաստանի համար դժվարին տարիներին, երբ նորանկախ հանրապետության կայացման, արտաքին քաղաքական ասպարեզում երկրի հեղինակության ձևավորման ու ամրապնդման, բանակաշինության, պատերազմում հաղթանակ տանելուց հետո այդ հաղթանակը ամրապնդելու օրախնդիր միջոցառումներ էին իրականացվում, անհրաժեշտ էին նաև հեռանկարային ծրագրեր:

ՀՀ Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը մեր իրականության մեջ կարևոր համարեց նաև ռազմագիտական հանդեսի ստեղծումը: Առաջին հայացքից թվում էր, թե պետության առջև ծառացած խնդիրների բովում նմանատիպ ձեռնարկների իրականացումը առաջնային չէ: Սակայն Հայաստանի Հանրապետությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ միասին, հաղթանակ տանելով ազատագրական պայքարում, ստեղծելով ու կայացնելով Հայկական բանակը, մեծ նշանակություն էր տալիս այդ բանակը կրթելուն, մեծապես կարևորում էր ժամանակակից ռազմական գիտական մտքի զարգացումը: Բանակը արդիական զենքով սպառազինելու, անձնակազմին բարձր հայրենասիրական ոգով դաստիարակելու, մեր ազգային ռազմական ավանդույթներին, առաջավոր համաշխարհային փորձին, ռազմագիտական մտքին հաղորդակից դարձնելու հարցերը դարձան ուղենիշային: Ռազմագիտական հանդեսը իր գործունեությամբ շոշափելի կերպով սկսեց նպաստել առաջավոր ռազմական գիտական մտքի ու փորձի տարածմանը, Զինված ուժերի անձնակազմի ռազմահայրենասիրական դաստիարակությանը, մասնակցել հայերենի ռազմագիտական տերմինա­բանության մշակմանը:

Տարիներ անց, «Հայկական բանակի» 10-ամյակի առթիվ իր շնորհավորական խոսքում Սերժ Սարգսյանը նշեց այդ մասին` դրվատանքի խոսքեր ասելով հանդեսի խմբագրական խորհրդին ու խմբագրության անձնակազմին: Նա մասնավորապես նշեց, որ հանդեսը հնարավորություն է տալիս մարտական ու ծառայողական մեծ փորձ ունեցող մեր սպաներին իրենց հարուստ գիտելիքներն ու փորձը հաղորդելու երիտասարդ կադրերին:

Սերժ Սարգսյանի հրամանով ու անմիջական ղեկավարությամբ ստեղծված հանդեսը, գործունեության առաջին իսկ օրերից ձեռնամուխ եղավ իր առջև դրված խնդիրների կատարմանը: Փորձի հարստացումը տեղի ունեցավ ժամանակի հետ համաքայլ, քանի որ Հայաստանի պատմության մեջ դեռևս չէր եղել ռազմագիտական որևէ հանդես, և, այդ առումով, չկային համապատասխան փորձառություն, ձևավորված աշխատանքային ավանդույթներ, առկա ձեռքբերումներ: Այդուհանդերձ, կարգապահ աշխատանքի և դրա որակի նկատմամբ պատվախնդրության շնորհիվ հանդեսը արագ իր ուրույն տեղը գրավեց գիտական պարբերականների շարքում՝ հեղինակություն վայելելով գիտական շրջաններում, ինչի ապացույցը այն գնահատականն է, որին հանդեսը մշտապես արժանանում է Հայաստանի Հանրապետութան պետական ու ռազմական բարձրագույն ղեկավարության, Հայաստանյայց Առաքելական եկեղեցու, երկրի գիտակրթական ոլորտի վաստակաշատ, առաջավոր ներկայացուցիչների կողմից:

«Հայկական բանակ» ռազմագիտական հանդեսի նպատակն է նպաստել. ա) ՀՀ ԶՈՒ-ում հայրենական ու համաշխարհային առաջավոր ռազմագիտական մտքի, գիտելիքների ու փորձի տարածմանը, բ) ՀՀ ԶՈՒ-ի անձնակազմի բարոյահոգեբանական ու զինվորական դաստիարակությանը, հայրենասիրության վեհ զգացմունքի սերմանմանը, գ) ՀՀ ԶՈՒ-ում գիտական կադրերի պատրաստմանը, դ) ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում կատարվող ռազմավարական հետազոտությունների արդյունքների ձևակերպմանն ու ներկայացմանը ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությանը, ինչպես նաև պետական կառավարման համակարգի շահագրգիռ մարմինների ղեկավարներին, ե) բանակ-հասարակություն կապի սերտացմանը, զ) հայերենի ռազմագիտական տերմինաբանության մշակմանը, հասկացութենական-տերմինաբանական ապարատի զարգացմանը:

«Հայկական բանակ» հանդեսում տպագրվել է ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության նախագիծը

Եռալեզու (հայերեն` ռուսերեն և անգլերեն ամփոփումներով) հանդեսը ընդգրկված է ՀՀ ԲՈՀ-ի կողմից հաստատված «Դոկտորական և թեկնածուական ատենախոսությունների արդյունքների հրապարակման համար ընդունելի ամսագրերի ցանկում»: Հատկանշական է, որ հանդեսում տպագրվել ու տպագրվում են ոչ միայն հայ, այլև օտարազգի հեղինակներ: Մեկ անգամ ծանոթանալով «Հայկական բանակի» բովանդակությանը` մեծ հեղինակություն վայելող մի շարք գիտնականներ հաճույքով տպագրվում են հանդեսում: Այս հանգամանքը մշտապես ոգևորիչ ու լուրջ խթան է հանդիսացել հանդեսի համար ու հաստատել նրա արժանի համբավը:

«Հայկական բանակ» ռազնագիտական հանդեսը հատուկ թողարկմամբ հրատարակել է ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը

Բազմաբնույթ ու լայն ընդգրկում ունի «Հայկական բանակը»: Արդեն լույս տեսած տասնյակ համարներում զետեղված են գիտական հարյուրավոր հրապարա­կումներ, որոնք վերաբերում են ռազմական գործի ամենատարբեր ոլորտներին: Հոդվածները հրապարակվում են առանձին խորագրերով: Հանդեսում մեծ տեղ է հատկացվում հայերենի ռազմագիտական տերմինաբանության հարցերին. յուրաքանչյուր համարում զետեղվում է «Համարի բառարան», որում տրվում են հայերեն ռազմագիտական տերմինները՝ իրենց ռուսերեն և անգլերեն համարժեքներով: Այդ տերմինների զգալի մասը մշակում է հանդեսի խմբագրությունը:

Հանդեսի գոյության 20 տարվա ընթացքում նրան հեղինակել են մոտ 400 մասնագետ ինչպես ԶՈՒ-ից, այնպես էլ այլ ուժային կառույցներից, քաղաքացիական ոլորտի գիտական ու բուհական, այդ թվում` արտասահմանյան հաստատություններից:

Հանդեսի համարներն առաքվում են ՀՀ-ում օտարերկրյա և արտասահմանում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններ, ինչպես նաև ՀԱՊԿ-ի Միացյալ շտաբ և Մարշալի անվան եվրոպական անվտանգային հետազոտությունների կենտրոն: Հանդեսի հեղինակների թվում են ռազմագետ-փորձագետներ ՌԴ-ից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Իսրայելից, Թուրքիայից և այլ պետություններից, նրանց հոդվածներն ամբողջությամբ են հրապարակվում նաև բնագրի (ռուսերեն կամ անգլերեն) լեզվով:

Կատարելով պաշտպանական բարեփոխման առանձին բաժինների միջգերատեսչական մշակման մասին Պաշտպանության նախարար Ս. Օհանյանի հրամանը՝ ՀՀ ՊՆ Դ. Կանայանի անվան Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի (ԱՌՀԻ) «Հայկական բանակ» ռազմագիտական հանդեսի մասնա­գիտացված համարներում հրապարակվել են համապատասխան մասնագիտական արգասիքները, որոնք նպատակաուղղված են ՀՀ պաշտպանության նախա­րարության ու ՀՀ ԶՈՒ-ի ԳՇ ապարատների, ինչպես նաև զորքերի անձնակազմի ուսուցման կատարելագործմանը: 2008 թվականից հանդեսի յուրաքանչյուր համար նվիրված է լինում ԶՈՒ-ի կենսագործունեության կոնկրետ ոլորտում իրագործվող պաշտպանական բարեփոխումներին, ընդսմին այդ փորձագիտական-վերլուծական նյութերը ներառվում են զորքերի մարտական պատրաստման ծրագրերում:

Հանդեսի խմբագրական խորհրդում ընդգրկված են ՀՀ ԶՈՒ-ի բարձրաստիճան ղեկավարներ, Հանրապետության առաջատար մասնագետներ ինչպես ռազմական, այնպես էլ այլ բնագավառներից: Ավելի քան 20 հոգուց բաղկացած Խմբագրական խորհրդի նախագահն է ԱՌՀԻ-ի պետ, գեներալ-լեյտենանտ Հ. Քոթանջյանը:

Խմբագրությունը, համագործակցելով Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի հետ, 2012 թ. լույս է ընծայել պաշտպանական-անվտանգային տերմինների հայերեն-ռուսերեն-անգլերեն, ռուսերեն-հայերեն, անգլերեն-հայերեն բառարանը (մոտ 3000 պարզ և բաղադրյալ տերմիններ):

Խմբագրությունը հրատարակել է նաև անվտանգային քաղաքագիտության և ռազմական հոգեբանության գծով 6 մենագրություն և 1 փորձագիտական-ուսումնական ձեռնարկ:

2008 թվականից ՀՀ ՊՆ պաշտոնական կայքում գործում է «Հայկական բանակ» ռազմագիտական հանդեսի կայքէջը, որտեղ տեղադրված են հանդեսի համարներ: 

2011 թվականից ստեղծվել և գործում է «Հայկական բանակ» ռազմագիտական հանդեսի պաշտոնական բլոգ-կայքը` «Wordpress» միջազգային տիրույթում (https://razmavaraget.wordpress.com): «Ռազմավարագետ» անվանումը ճշգրիտ տրամաչափով արտացոլում է հանդեսի էությունը: Այս բլոգ-կայքում տեղադրված են «Հայկական բանակ» ռազմագիտական հանդեսի գրեթե բոլոր համարները (սկսած 1995 թվականից), «Աշխատանքային տետրեր» հավելվածի որոշ համարներ, առանձին աշխատություններ և գրքեր, որոնք տպագրված են ՀՀ ՊՆ Դրաստամատ Կանայանի անվան Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի կնիք-մակագրով (գրիֆ) կամ առնչություն ունեն ԱՌՀԻ-ի հետ: «Աշխատանքային» տետրեր հավելվածի էլեկտրոնային բաց համարները տեղադրվում են միայն «Ռազմավարագետ»-ում:

21-րդ դարում, որպես գիտակրթական լուրջ ու վաստակած հեղինակություն վայելող հանդես, «Հայկական բանակը» շարունակում է զարգանալ՝ ընթերցողին ներկայանալով գիտական հարուստ ասելիքով ու պատշաճ որակով և հավատարիմ մնալով իր առաքելությանը:

ՀԱՆԴԵՍԻ ԳԼԽԱՎՈՐ ԽՄԲԱԳԻՐՆԵՐ

Հանդեսի կայացման, խմբագրության կազմի ձևավորման գործում շնորհիվ իր գիտական ու կազմակերպչական ունակությունների անգնահատելի դեր է խաղացել հանդեսի առաջին գլխավոր խմբագիր, այն ժամանակ՝ գնդապետ, Հայկ Քոթանջյանը: Նա ծնվել է 1945 թ., Գյումրիում: 1965–1966 թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում: ՀՀ զինված ուժերում է 1992 թ.-ից: Զբաղեցրել է բաժնի պետի, գլխավոր խմբագրի, վարչության պետի պաշտոններ: 1998 թ. աշխատել է արտերկրում ՀՀ դեսպանատանը` որպես կցորդ: 2001 թ. ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, իսկ 2005 թ.-ից` նաև ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ:

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանի հարուստ կենսագրությանը առավել մանրամասն ծանոթացեք ՀՀ ՊՆ պաշտոնակայքում, ինչպես նաև «Վիքիպեդիա» օնլայն հանրագիտարանում և «Հայազգ.ինֆո» օնլայն տիրույթում:

1998–2005 թթ. հանդեսի գլխավոր խմբագիր է եղել տեխնիկական գիտությունների դոկտոր, ՀՃԱ ակադեմիկոս, ՌԴ ռազմական ակադեմիայի ակադեմիկոս, գնդապետ Արկադի Սարգսյանը: Ծնվել է 1940 թ. Երևանում: Ավարտել է ԵՊՀ-ն (1964 թ.): 1993–94-ին եղել է ՀՀ Կառավարության 10-րդ վարչության պետ, 1993–98-ին՝ ՀՀ ԶՈՒ-ի միավորման հրամանատարի տեղակալ և գիտության վարչության պետ:

2005 թվականից առ այսօր «Հայկական բանակ» ռազմագիտական հանդեսի գլխավոր խմբագիրն է ԱՌՀԻ-ի պետի տեղակալ գնդապետ (պաշտոնաթող) Դավիթ Չիլինգարյանը: Ծնվել է 1950 թ. Երևանում: 1973 թ. ավարտել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը: Թարգմանչական-խմբագրական աշխատանքով զբաղվում է 1976 թվականից: Ռուսերենից հայերեն և հայերենից ռուսերեն թարգմանել է և երկու լեզուներով խմբագրել է ֆիզիկայի, պատմության, փիլիսոփայության, աշխարհագրության, արվեստի, բժշկության բնագավառներին վերաբերող հոդվածներ, ատենախոսություններ, գրքեր: Մասնակցել է մի շարք բա­ռարանների մշակմանը, աշխատակցել է մի քանի հանդեսների: Նա «Անվտանգային-պաշտպանական տերմինների հայերեն-ռուսերեն-անգլերեն բացատրական բառարանի»՝ ԱՌՀԻ, ԳԱԱ, ԵՊՀ մասնագետներից կազմված խմբագրական խորհրդի գիտական քարտուղարն է: 2006 թ. ԱՌՀԻ-ի կազմում մասնակցել է ՀՀ ազգային անվտանգության առաջին ռազմավարության նախագծի միջգերատեսչական մշակման ամբողջ գործընթացին:

%d bloggers like this: