ՌԱԶՄԱՎԱՐԱԳԵՏ

Home » «Հայկական բանակ» ՌԳՀ » Գրախոսման կանոններ

Գրախոսման կանոններ

Razmavaraget

ՀՀ ՊՆ ԱՌՀԻ-Ի «ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿ» ՌԱԶՄԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍՈՒՄ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՆՅՈՒԹԵՐԻ ԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

Հանդեսում հրապարակման համար խմբագրություն ներկայացված բոլոր նյութերը ենթարկվում են անկախ գիտափորձաքննության: Ըստ այդմ.

1. Պատասխանատու քարտուղարը գրանցում է «Հայկական բանակ» հանդեսի խմբագրություն ներկայացված նյութի բնագիրը, ապա ստացման օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում գիտական խմբագրման բաժնի պետի հետ կատարում է նյութի նախնական փորձաքննություն՝ հանդեսի ընդհանուր մասնագիտական ուղղվածությանն ու հանդեսի պահանջներին դրանց համապատասխանության տեսանկյունից, և արդյունքների մասին զեկուցում է գլխավոր խմբագրին:
Եթե նյութը չի համապատասխանում հանդեսի մասնագիտական ուղղվածությանն ու պահանջներին, ապա պատասխանատու քարտուղարը գլխավոր խմբագրի որոշմամբ նյութի ստացումից 10 աշխատանքային օրվա ընթացքում իրազեկում է հեղինակին (հեղինակներին), որ այն մերժված է:

2. Ընդունված նյութերը գրանցման օրվանից 1 ամիս ժամկետում գիտափորձաքննության են ուղարկվում գիտախորհրդատվական խորհրդի անդամներին կամ, անհրաժեշտության դեպքում, գիտախորհրդատվական խորհրդի առաջարկությամբ և գլխավոր խմբագրի որոշմամբ՝ տվյալ ոլորտում հանրապետության մեկ այլ առաջատար մասնագետի:

3. Գիտական փորձաքննության օբյեկտիվությունն ապահովելու նպատակով հոդվածները գրախոսին են ուղարկվում առանց հեղինակի նշման, իսկ հեղինակը չի տեղեկացվում, թե ով է կատարում գրախոսությունը:

4. Գրախոսները ծանուցվում են այն մասին, որ գիտական փորձաքննության ուղարկված նյութերը հեղինակների մասնավոր սեփականությունն են և հրապարակման ենթակա չեն: Գրախոսն իրավունք չունի պատճենելու նյութերը:
Նյութի գիտական փորձաքննության արդյունքները գրախոսները պետք է գրավոր և ստորագրությամբ վավերացված տեսքով ներկայացնեն խմբագրություն՝ փորձաքննության համար նյութը ստանալուց մեկ ամսվա ժամկետում:

5. Հեղինակները տեղեկացվում են գիտափորձաքննության արդյունքների մասին՝ դրանք խմբագրություն ներկայացնելուց 5 աշխատանքային օրվա ընթացքում:

6. Գիտափորձաքննության արդյունքները նյութերի հրապարակման օրվանից հետո երեք տարի պահվում են խմբագրության արխիվում և ըստ պահանջի տրամադրվում են ԲՈՀ-ին:

7. Եթե գիտափորձաքննության արդյունքներով կազմված կարծիքում կան դիտողություններ, ապա նյութը ուղարկվում է հեղինակին՝ լրամշակման:

8. Հեղինակը նյութը պետք է լրամշակի այն ստանալուց մեկ ամսվա ընթացքում: Նա լրամշակված բնագրին պետք է կցի նամակ, որտեղ տա պատասխաններ բոլոր դիտողություններին և պարզաբանումներ՝ կատարված բոլոր փոփոխությունների վերաբերյալ:

9. Եթե նյութը ենթարկվել է էական լրամշակման, ապա այն ուղարկվում է նոր գիտափորձաքննության՝ նույն գրախոսին և առաջին գիտափորձաքննության համար սույն կանոնակարգով սահմանված պահանջների ու ժամկետների պահպանմամբ:

10. Խմբագրությունը իրեն իրավունք է վերապահում մերժելու նյութերի հրապարակումը, եթե հեղինակը չի ցանկանում կամ չի կարողանում վերացնել գիտափորձաքննության եզրակացության մեջ նշված թերությունները:

11. Բնագրի վերաբերյալ երկու տարբեր գրախոսներից կամ լրամշակված տարբերակի վերաբերյալ մեկ գրախոսից բացասական գրախոսությունների ստացման դեպքում հոդվածը գլխավոր խմբագրի որոշմամբ մերժվում է:

12. Գիտափորձաքննության արդյունքների հետ չհամաձայնելու դեպքում հեղինակն իրավունք ունի հանդեսի խմբագրություն ներկայացնելու գիտականորեն հիմնավորված պատասխան: Այդ դեպքում նյութը ուղարկվում է նոր գիտափորձաքննության:

13. Պատասխանատու քարտուղարը հեղինակին տեղեկացնում է ընդունված որոշման մասին: Գիտափորձաքննության առավելագույն ժամկետը բնագրի ստացումից մինչև հրապարակման որոշման ընդունում երեք ամիս է:

ԳԻՏԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ԳԻՏԱՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Գիտափորձաքննության նպատակն է նպաստել հեղինակային բնագրերի խիստ ընտրությանը և տալ դրանց բարելավմանն ուղղված կոնկրետ հանձնարարականներ: Գիտափորձաքննությամբ պետք է անկողմնապահ կերպով գնահատվի գիտական նյութը և կատարվի դրա գիտական ու մեթոդական արժանիքների և թերությունների վերլուծություն:

ԳԻՏԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ԳԻՏԱՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

Գրախոսը պետք է կատարի.

1. Նյութի բովանդակության արդիականության և գիտականության գնահատում:

2. Հետազոտությունների արդյունքների (գիտական, գործնական) կարևորության գնահատում:

3. Տեքստի և պարզաբանող նկարների որակական և/կամ քանակական գնահատում:

4. Բերվող տեղեկությունների լրիվության ու արժանահավատության գնահատում:

5. Օգտագործված սահմանումների և ձևակերպումների ստուգության ու ճշգրտության գնահատում:

6. Նյութի շարադրման ոճի գնահատում:

7. Ամբողջ նյութի վերաբերյալ հիմնավորված եզրակացություններ, դիտողություններ, անհրաժեշտության դեպքում՝ դրա բարելավմանն ուղղված առաջարկություններ:

Թվարկված բոլոր հարցերն ընդհանուր են: Յուրաքանչյուր նյութ պահանջում է անահատական մոտեցում՝ գնահատման չափանիշների ընտրության համար:

Գիտափորձաքննության եզրափակիչ մասում նյութի վերլուծության արդյունքներով պետք է տրվի հստակ երաշխավորություն՝ նյութը ներկայացված տեսքով հրապարակելու, կամ եզրակացություն՝ այն լրամշակելու կամ վերամշակելու անհրաժեշտության վերաբերյալ (կառուցողական դիտողություններով) կամ էլ հրապարակման աննպատակահարմարության մասին: