ՌԱԶՄԱՎԱՐԱԳԵՏ

Home » «Աշխատանքային տետրեր» հավելված

«Աշխատանքային տետրեր» հավելված

«ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿ» ՌԱԶՄԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍԻ «ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՏԵՏՐԵՐ» ՀԱՎԵԼՎԱԾ 

2007 թվականից լույս է ընծայվում նաև «Հայկական բանակ» ռազմագիտական հանդեսի «Աշխատանքային տետրեր» հավելվածը, որը կոչված է երկրի ղեկավարությանը և մասնագիտական շրջաններին հասցնելու ԱՌՀԻ-ի վերլուծական կենտրոնի փորձագետների կիրառական մշակումները` նվիրված Հայաստանի անվտանգությանն առնչվող հիմնախնդիրների հետազոտական մոնիտորինգին ու ռազմավարական պլանավորման խնդիրներին:

«Աշխատանքային տետրերի» ընդգրկումը բավական լայն է, այն ներառում է նաև տարածաշրջանի երկրների անվտանգային բնագավառի ուսումնասիրություններ, մասնագիտական մշակումներ՝ կապված հայկական Սփյուռքի, տեղեկատվական անվտանգության և այլ հարցերի հետ: «Աշխատանքային տետրերի» մշակումներում ընդգրկվում են նաև մասնագետներ ԱՌՀԻ-ի շրջանակներից դուրս:

«Աշխատանքային տետրեր» հավելվածն ունի առանձնահատուկ ընդգրկում` առանձին պրակների տեսքով անդրադառնալով տարաբնույթ թեմաների՝ արտացոլելով երկրի անվտանգային համակարգում տեղի ունեցող զարգացումները, ԱՌՀԻ-ի գիտահետազոտական աշխատանքը, ինտիտուտում անցկացվող գիտական սեմինարների բովանդակությունը: Հավելվածի առաջին հրատարակությունները արծարծել են «ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության» մշակման մեթոդաբանության, «ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության» եռալեզու բնագրաբնույթության, Հայաստանի և տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցեր:

Ինչպես «Հայկական բանակ» հանդեսում, այնպես էլ դրա հավելվածում նյութերի գիտալեզվական խմբագրումը կատարվում է՝ դրանց առանձնահատկությունները, նրբությունները, նշանակությունը հաշվի առնելով: Ապահովվում է անհրաժեշտության դեպքում կատարվող թարգմանությունների ճշգրտությունը, ինչպես նաև տվյալ նյութի բովանդակության մատչելիությունը ինչպես հայ, այնպես էլ օտարալեզու ընթերցողների համար:

Առաջին իսկ հրատարակությունից հավելվածն արժանացավ լայն դրական արձագանքի ՀՀ և ԼՂՀ պետական, քաղաքական, ռազմական, դիվանագիտական, հոգևոր, հասարակական ոլորտերի ներկայացուցիչների շրջանում, արտերկրի առանձին գիտակրթական ու վերլուծական կենտրոններում, մասնավորապես՝ Ջ. Մարշալի անվան Անվտանգային հետազոտությունների եվրոպական կենտրոնում, ԱՄՆ-ի Պաշտպանության ազգային համալսարանում և այլն:

«Աշխատանքային տետրերի» 2007 թվականի վերջին՝ 4-րդ, համարը նվիրված էր ՀՀ Ռազմական դոկտրինին: Դրա հրատարակությունը իրականացվեց ՀՀ ՊՆ միջազգային ռազմական համագործակցության և պաշտպանական ծրագրերի վարչության հետ սերտ համագործակցությամբ: Հանդեսի հավելվածի նկատմամբ այդօրինակ վերաբերմունքը նույնպես վկայում էր, որ երկրի քաղաքական ու ռազմական ղեկավարությունը նման կարևորության պետական փաստաթղթերի հրատարակությունը նույն վստահությամբ տեսնում է հանդեսի միջոցով:

Հավելվածը իր արդեն իսկ ճանաչելի դարձած արտաքին տեսքով, կազմի ինքնատիպ լուծմամբ, ներառող նյութի լեզվական խմբագրման կուլտուրայի պահպանմամբ ու տեխնիկական ձևավորմամբ կրում է 14-ամյա պատմություն և ուրույն ձեռագիր ունեցող «Հայկական բանակ» հանդեսի ավանդույթները, հետևապես հավելվածում արծարծվող նյութի գիտական ճշգրտությամբ մշակումն ու որակի ապահովումը հանդիսանում է «Հայկական բանակի» հեղինակության խնդիրը: Միևնույն ժամանակ, «Աշխատանքային տետրերը»՝ որպես ԱՌՀԻ-ի առանձին գիտավերլուծական արտադրանք, ունի իր ուրույն առաքելությունը, ասելիքը, ձեռագիրը: Հավելվածի օգտագործման նպատակով հատուկ, հարմարավետ չափերով արտադրվող պրակները իսկապես ծառայում են իրենց կոչմանը՝ հասու ու հարմարավետ աշխատանքային տետր լինելու և, անհրաժեշտության դեպքում, օգտակար ու ճշգրիտ աղբյուր հանդիսանալու առումով:

«Աշխատանքային» տետրեր հավելվածի էլեկտրոնային բաց համարները տեղադրվում են միայն «Ռազմավարագետ» կայքում: