Կայքի մասին

2011 թվականի հոկտեմբերի 19-ից գործում է ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի «Հայկական բանակ» ռազմագիտական հանդեսի պաշտոնական բլոգ-կայքը («Wordpress» միջազգային հեղինակավոր տիրույթում)՝ որպես «Հայկական բանակ» հանդեսի լուսաբանման նոր, ժամանակի գործիքարանին համահունչ էլեկտրոնային տիրույթ: «Ռազմավարագետ» բլոգ-կայքը մտահղացել, ստեղծել և վարում է Առլեն Շահվերդյանը:

Կայքի «Ռազմավարագետ» անվանումը ճշգրիտ տրամաչափով և դիպուկ կերպով արտահայտում է ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի գործունեությունը, դրանում գործող ՀՀ ՊՆ Դրաստամատ Կանայանի անվան Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի և «Հայկական բանակ» ռազմագիտական հանդեսի էությունը:

Կայքում տեղադրված են «Հայկական բանակ» ռազմագիտական հանդեսի գրեթե բոլոր համարները (սկսած 1995 թվականից), «Աշխատանքային տետրեր» հավելվածի որոշ համարներ, առանձին աշխատություններ և գրքեր, որոնք տպագրված են ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի և ՀՀ ՊՆ ԱՌՀԻ-ի կնիք-մակագրերով (գրիֆ) կամ առնչություն ունեն ՊԱՀՀ-ի հետ:

ՊԱՀՀ-ը ՀՀ զինված ուժերի, ՀՀ պաշտպանական համակարգի գիտահետազոտական և գիտակրթական անվանի կառույց է, ռազմավարական մակարդակի կրթություն ապահովող ռազմաուսումնական հաստատություն, իսկ ՊԱՀՀ-ի «Հայկական բանակ» ռազմագիտական հանդեսը գիտակրթական լուրջ, հեղինակություն վայելող և ակադեմիական չափորոշիչներով առաջնորդվող պարբերական: Այդ պատճառով «Ռազմավարագետ» կայքի ձևավորումն էլ արված է ՊԱՀՀ-ին և ռազմագիտական հանդեսին հարիր զուսպ և դասական ոճով: Մեծ ուշադրություն է դարձված նաև կայքից օգտվելու հարմարավետությանը:

Կայքի ստեղծման գաղափարը սատարել և «Ռազմավարագետ» անվանումը առաջարկել է «Հայկական բանակ» հանդեսի առաջին գլխավոր խմբագիր, ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի հիմնադիր-պետ (2005-2018), ՀՀ պաշտպանության նախարարի նախկին խորհրդական, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը:

Կայքի ստեղծման աշխատանքներում անհրաժեշտ նյութերի տրամադրմամբ զգալի աջակցություն են ցուցաբերել ՊԱՀՀ-ի Էլեկտրոնային գիտական գրադարանը, «Հայկական բանակ» ռազմագիտական հանդեսի խմբագրությունը:

Իր գործունեության ընթացքում «Ռազմավարագետ» կայքը զարգանալով առավել ընդլայնեց իր բովանդակային ընդգրկումը և վերջին տարիներին հանդես է գալիս՝ որպես ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի գործունեության լուսաբանման ուրույն հարթակ, որը զգալի վարկանիշ ունի օգտատերների շրջանում և սոցիալական մեդիայում:

Այսօր «Ռազմավարագետում» տեղադրվում են ոչ միայն «Հայկական բանակի» և «Աշխատանքային տետրերի» լույս ընծայվող համարների էլեկտրոնային տարբերակներն, այլև ՊԱՀՀ-ի գործունեությունը ներկայացնող հաղորդագրությունները, ՊԱՀՀ-ում տպագրվող աշխատությունները, հոդվածները, մենագրությունները, ՊԱՀՀ-ի պետի առանձին հայտարարություններն ու զեկուցումները և այլն:

Blog at WordPress.com.

Up ↑