«Հայկական բանակ» ՌԳՀ

ՀՀ ՊՆ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ «ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿ» ՌԱԶՄԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի (ՊԱՀՀ) «Հայկական բանակ» ռազմագիտական հանդեսն ստեղծվել է 1994 թ. հոկտեմբերի 11-ին, այն ժամանակ՝ ՀՀ Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հրամանով, Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցի առաջարկությամբ: Հանդեսի ստեղծման աշխատանքը հանձնարարված էր քաղաքական գիտությունների դոկտոր, գնդապետ, ներկայումս` պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ, ք.գ.դ., պրոֆեսոր Հայկ Քոթանջյանին:

Հայաստանի համար դժվարին տարիներին, երբ նորանկախ հանրապետության կայացման, արտաքին քաղաքական ասպարեզում երկրի հեղինակության ձևավորման ու ամրապնդման, բանակաշինության, պատերազմում հաղթանակ տանելուց հետո այդ հաղթանակը ամրապնդելու օրախնդիր միջոցառումներ էին իրականացվում, անհրաժեշտ էին նաև հեռանկարային ծրագրեր:

Առաջին հայացքից թվում էր, թե պետության առջև ծառացած խնդիրների բովում նմանատիպ ձեռնարկների իրականացումը առաջնային չէ: Սակայն Հայաստանի Հանրապետությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ միասին, հաղթանակ տանելով ազատագրական պայքարում, ստեղծելով ու կայացնելով Հայկական բանակը, մեծ նշանակություն էր տալիս այդ բանակը կրթելուն, մեծապես կարևորում էր ժամանակակից ռազմական գիտական մտքի զարգացումը: Բանակը արդիական զենքով սպառազինելու, անձնակազմին բարձր հայրենասիրական ոգով դաստիարակելու, մեր ազգային ռազմական ավանդույթներին, առաջավոր համաշխարհային փորձին, ռազմագիտական մտքին հաղորդակից դարձնելու հարցերը դարձան ուղենիշային: Ռազմագիտական հանդեսը իր գործունեությամբ շոշափելի կերպով սկսեց նպաստել առաջավոր ռազմական գիտական մտքի ու փորձի տարածմանը, Զինված ուժերի անձնակազմի ռազմահայրենասիրական դաստիարակությանը, մասնակցել հայերենի ռազմագիտական տերմինա­բանության մշակմանը:

Հանդեսը գործունեության առաջին իսկ օրերից ձեռնամուխ եղավ իր առջև դրված խնդիրների կատարմանը: Փորձի հարստացումը տեղի ունեցավ ժամանակի հետ համաքայլ, քանի որ Հայաստանի պատմության մեջ դեռևս չէր եղել ռազմագիտական որևէ հանդես, և, այդ առումով, չկային համապատասխան փորձառություն, ձևավորված աշխատանքային ավանդույթներ, առկա ձեռքբերումներ: Այդուհանդերձ, կարգապահ աշխատանքի և դրա որակի նկատմամբ պատվախնդրության շնորհիվ հանդեսը արագ իր ուրույն տեղը գրավեց գիտական պարբերականների շարքում՝ հեղինակություն վայելելով գիտական շրջաններում, ինչի ապացույցը այն գնահատականն է, որին հանդեսը մշտապես արժանանում է Հայաստանի Հանրապետութան պետական ու ռազմական բարձրագույն ղեկավարության, Հայաստանյայց Առաքելական եկեղեցու, երկրի գիտակրթական ոլորտի վաստակաշատ, առաջավոր ներկայացուցիչների կողմից:

«Հայկական բանակ» ռազմագիտական հանդեսի նպատակն է նպաստել. ա) ՀՀ ԶՈՒ-ում հայրենական ու համաշխարհային առաջավոր ռազմագիտական մտքի, գիտելիքների ու փորձի տարածմանը, բ) ՀՀ ԶՈՒ-ի անձնակազմի բարոյահոգեբանական ու զինվորական դաստիարակությանը, հայրենասիրության վեհ զգացմունքի սերմանմանը, գ) ՀՀ ԶՈՒ-ում գիտական կադրերի պատրաստմանը, դ) ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի Դրաստամատ Կանայանի անվան Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում (ԱՌՀԻ) կատարվող ռազմավարական հետազոտությունների արդյունքների ձևակերպմանն ու ներկայացմանը ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությանը, ինչպես նաև պետական կառավարման համակարգի շահագրգիռ մարմինների ղեկավարներին, ե) բանակ-հասարակություն կապի սերտացմանը, զ) հայերենի ռազմագիտական տերմինաբանության մշակմանը, հասկացութենական-տերմինաբանական ապարատի զարգացմանը:

«Հայկական բանակ» հանդեսում տպագրվել է ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության նախագիծը

Եռալեզու (հայերեն` ռուսերեն և անգլերեն ամփոփումներով) հանդեսը ընդգրկված է ՀՀ ԲՈԿ-ի կողմից հաստատված «Դոկտորական և թեկնածուական ատենախոսությունների արդյունքների հրապարակման համար ընդունելի ամսագրերի ցանկում»: Հատկանշական է, որ հանդեսում տպագրվել ու տպագրվում են ոչ միայն հայ, այլև օտարազգի հեղինակներ: Մեկ անգամ ծանոթանալով «Հայկական բանակի» բովանդակությանը` մեծ հեղինակություն վայելող մի շարք գիտնականներ հաճույքով տպագրվում են հանդեսում: Այս հանգամանքը մշտապես ոգևորիչ ու լուրջ խթան է հանդիսացել հանդեսի համար ու հաստատել նրա արժանի համբավը:

«Հայկական բանակ» ռազնագիտական հանդեսը հատուկ թողարկմամբ հրատարակել է ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը

Բազմաբնույթ ու լայն ընդգրկում ունի «Հայկական բանակը»: Արդեն լույս տեսած տասնյակ համարներում զետեղված են գիտական հարյուրավոր հրապարա­կումներ, որոնք վերաբերում են ռազմական գործի ամենատարբեր ոլորտներին: Հոդվածները հրապարակվում են առանձին խորագրերով: Հանդեսում մեծ տեղ է հատկացվում հայերենի ռազմագիտական տերմինաբանության հարցերին. յուրաքանչյուր համարում զետեղվում է «Համարի բառարան», որում տրվում են հայերեն ռազմագիտական տերմինները՝ իրենց ռուսերեն և անգլերեն համարժեքներով: Այդ տերմինների զգալի մասը մշակում է հանդեսի խմբագրությունը:

Հանդեսի գոյության տարիների ընթացքում նրան հեղինակել են մոտ 400 մասնագետ ինչպես ԶՈՒ-ից, այնպես էլ այլ ուժային կառույցներից, քաղաքացիական ոլորտի գիտական ու բուհական, այդ թվում` արտասահմանյան հաստատություններից:

Հանդեսի համարներն առաքվում են ՀՀ-ում օտարերկրյա և արտասահմանում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններ, ինչպես նաև ՀԱՊԿ-ի Միացյալ շտաբ և Ջ. Մարշալի անվան Անվտանգային հետազոտությունների եվրոպական կենտրոն: Հանդեսի հեղինակների թվում են ռազմագետ-փորձագետներ ՌԴ-ից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Իսրայելից, Թուրքիայից և այլ պետություններից, նրանց հոդվածներն ամբողջությամբ են հրապարակվում նաև բնագրի (ռուսերեն կամ անգլերեն) լեզվով

«Հայկական բանակը» մշտապես ջանում է ՀՀ ԶՈՒ-ի մտավորական սպաների և քաղաքացիական աշխատաողների, Հայաստանի, Արցախի և Սփյուռքի գիտնականների և հետազոտողների գիտական հոդվածները ընթերցողներին ներկայացնել ակադեմիական պատճաշ մակարդակով և հետաքրքիր մատուցմամբ:

2008 թվականից հանդեսի յուրաքանչյուր համար նվիրված է լինում ԶՈՒ-ի կենսագործունեության կոնկրետ ոլորտում իրագործվող պաշտպանական բարեփոխումներին, ընդսմին այդ փորձագիտական-վերլուծական նյութերը ներառվում են զորքերի մարտական պատրաստման ծրագրերում:

Հանդեսի վերջին համարները նվիրված են «Ազգ–բանակ» հայեցակարգի համակողմանի մշակման ու ներդրման հարցերի լուսաբանմանը, ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի՝ ՀՀ ԶՈՒ-ի զարգացման տեսլականի հանրահռչակմանը, այդ նպատակով 2018 թ. ՊՆ-ի կողմից կազմակերպված գիտաժողովի նյութերի հրապարակմանը, ՊՆ և ԶՈՒ-ի ԳՇ ապարատների, ինչպես նաև զորքերի անձնակազմի ուսուցման կատարելագործմանը:

Հանդեսի խմբագրական խորհրդում ընդգրկված են ՀՀ ԶՈՒ-ի բարձրաստիճան ղեկավարներ, Հանրապետության առաջատար մասնագետներ ինչպես ռազմական, այնպես էլ այլ բնագավառներից: Ավելի քան 20 հոգուց բաղկացած Խմբագրական խորհրդի նախագահն է պրոֆեսոր Հայկ Քոթանջյանը:

«Հայկական բանակը», համագործակցելով Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի հետ, 2012 թ. լույս է ընծայել պաշտպանական-անվտանգային տերմինների հայերեն-ռուսերեն-անգլերեն, ռուսերեն-հայերեն, անգլերեն-հայերեն բառարանը (մոտ 3000 պարզ և բաղադրյալ տերմիններ), իսկ 2015 թ.` ավելի մեծ ծավալով (14000 պարզ և բաղադրյալ տերմիններ):

Խմբագրությունը հրատարակել է նաև անվտանգային քաղաքագիտության և ռազմական հոգեբանության գծով 6 մենագրություն և 1 փորձագիտական-ուսումնական ձեռնարկ:

2008 թվականից ՀՀ ՊՆ պաշտոնական կայքում գործում է «Հայկական բանակ» ռազմագիտական հանդեսի կայքէջը, որտեղ տեղադրված են հանդեսի որոշ համարներ: 

2011 թվականին Առլեն Շահվերդյանի կողմից ստեղծվել և գործում է ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի գործունեությունը լուսաբանող «Ռազմավարագետ» պաշտոնական սույն բլոգ-կայքը: Հեղինակի կողմից՝ որպես բլոգային պլատֆորմ, ընտրվել է «Wordpress» միջազգային հեղինակավոր բլոգ տիրույթը: «Ռազմավարագետ» անվանումը ճշգրիտ տրամաչափով արտացոլում է նաև «Հայկական բանակ» ռազմագիտական հանդեսի էությունը և թեմատիկ ընդգրկումը: Բլոգ-կայքում տեղադրված են «Հայկական բանակի» բոլոր առկա համարների էլեկտրոնային տարբերակները (տես՝ ստորև) և առանձին էջով՝ հանդեսի «Աշխատանքային տետրեր» հավելվածի բաց համարները: Ընդ որում, «Աշխատանքային տետրերի» բաց համարները տեղադրվում են միայն «Ռազմավարագետում»: Բոլոր համարները կայքում ներկայացված են դիտարժանորեն, դրանք կարելի է հեշտությամբ գտնել և ներբեռնել բացառիկ հարմարավետ կերպով: «Ռազմավարագետում» կարելի է գտնել նաև առանձին աշխատություններ և գրքեր, որոնք տպագրված են ՊԱՀՀ-ի և դրանում գործող ԱՌՀԻ-ի կնիք-մակագրերով (գրիֆ) կամ առնչություն ունեն ՊԱՀՀ-ի հետ:

21-րդ դարում, որպես գիտակրթական լուրջ ու վաստակած հեղինակություն վայելող հանդես, «Հայկական բանակ» ռազմագիտական հանդեսը շարունակում է զարգանալ՝ ընթերցողին ներկայանալով գիտական հարուստ ասելիքով ու պատշաճ որակով և հավատարիմ մնալով իր առաքելությանը:

2018 թ. հոկտեմբերից «Հայկական բանակը» գործում է ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի պետ, գեներալ-մայոր Գենադի Տավարածյանի ղեկավարության ներքո:
*

ՀԱՆԴԵՍԻ ԳԼԽԱՎՈՐ ԽՄԲԱԳԻՐՆԵՐ

Հանդեսի կայացման, խմբագրության կազմի ձևավորման գործում շնորհիվ իր գիտական ու կազմակերպչական ունակությունների անգնահատելի դեր է խաղացել հանդեսի առաջին գլխավոր խմբագիր (1994–1998 թթ.), այն ժամանակ՝ գնդապետ, ԱՌՀԻ-ի և ՊԱՀՀ-ի հիմնադիր-պետ (2005-2018 թթ.), քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ (պաշտոնաթող) Հայկ Քոթանջյանը:

1998–2005 թթ. հանդեսի գլխավոր խմբագիր է եղել տեխնիկական գիտությունների դոկտոր, ՀՃԱ ակադեմիկոս, ՌԴ ռազմական ակադեմիայի ակադեմիկոս, գնդապետ Արկադի Սարգսյանը: Ծնվել է 1940 թ. Երևանում: Ավարտել է ԵՊՀ-ն (1964 թ.): 1993–94-ին եղել է ՀՀ Կառավարության 10-րդ վարչության պետ, 1993–98-ին՝ ՀՀ ԶՈՒ-ի միավորման հրամանատարի տեղակալ և գիտության վարչության պետ:

2005 թվականից առ այսօր «Հայկական բանակ» ռազմագիտական հանդեսի գլխավոր խմբագիրն է գնդապետ (պաշտոնաթող) Դավիթ Չիլինգարյանը: Ծնվել է 1950 թ. Երևանում: 1973 թ. ավարտել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը: Թարգմանչական-խմբագրական աշխատանքով զբաղվում է 1976 թվականից: Ռուսերենից հայերեն և հայերենից ռուսերեն թարգմանել է և երկու լեզուներով խմբագրել է ֆիզիկայի, պատմության, փիլիսոփայության, աշխարհագրության, արվեստի, բժշկության բնագավառներին վերաբերող հոդվածներ, ատենախոսություններ, գրքեր: Մասնակցել է մի շարք բա­ռարանների մշակմանը, աշխատակցել է մի քանի հանդեսների: Նա «Անվտանգային-պաշտպանական տերմինների հայերեն-ռուսերեն-անգլերեն բացատրական բառարանի»՝ ԱՌՀԻ, ԳԱԱ, ԵՊՀ մասնագետներից կազմված խմբագրական խորհրդի գիտական քարտուղարն է: 2006 թ. ԱՌՀԻ-ի կազմում մասնակցել է ՀՀ ազգային անվտանգության առաջին ռազմավարության նախագծի միջգերատեսչական մշակման ամբողջ գործընթացին:
*

ԹՎԱՅԻՆ ՇՏԵՄԱՐԱՆ

«ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿ» ՌԱԶՄԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱՐՆԵՐԸ (1995-2022 թթ.)՝ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԻ ԱՃՄԱՆ ԿԱՐԳՈՎ

          

          

          

          

          

          

          

          

          

          

          

          

          

          

          

          

          

          

          

         

          

          

     «Հայկական բանակ», 2021, հմ 2     hb3-cover

widget          

Widget     

Blog at WordPress.com.

Up ↑